France24-ն Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել

367

Ֆրանսիական առաջատար «France24» պարբերականը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունն ապացուցող մի շարք տեսանյութեր:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ տեսանյութերի մի մասն արված է Սիրիայում գտնվող ճամբարում, մյուս մասը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում:

 

Հոդվածի սկզբում լրատվամիջոցը հայտնում է, որ Արցախի դեմ կռվելու համար սիրիացի վարձկան ահաբեկիչներն Ադրբեջան են բերվում Թուրքիայի միջոցով, սակայն, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան մերժում են ահաբեկիչների առկայությունն իրենց շարքերում:

Տեսանյութերից առաջինում ցուցադրված է Սիրիայում գտնվող ճամբարը, որտեղ ահաբեկիչները վարժանքներ են իրականացնում Ադրբեջան մեկնելուց առաջ: Հաջորդ տեսանյութերն արդեն արված են Ադրբեջանի տարածքում և հիմնականում հենց ահաբեկիչների կողմից, որոնք այդ տեսանյութերը տեղադրել են սոցիալական ցանցերում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե’ Արցախում, թե’ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: