«Քո ոգին ապրելու ու տեսնելու է հաղթանակը». զոհվել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը

125

Ռազմաճակատում զոհվել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը։

«Արցախյան ռազմաճակատում անմահացավ նաև ՀՀ ՊՆ Հատուկ ջոկատային, Ապրիլյան և հուլիսյան պատերազմների ակտիվ մասնակից, Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացրած, ՀՀ և Ռուսաստանի Դաշնության գերատեսչական, մարտական մեդալներով պարգևատրված Թաթուլ Հակոբյանը՝ եղբայրս։
Իմ եղբայր, Թաթուլ, հպարտ եմ քեզնով, հպարտ եմ լինել քո եղբայրը։
Ամուր ենք պահում ու պահելու մեր հայրենի հողը՝ հետ մղելով թշնամուն մարտի դաշտից՝ հանուն ու ի պատիվ հավերժ հիշատակի քո ու մեր բոլոր հերոսների։ Ճիշտ ինչպես դուք արեցիք դա առանց վարանելու՝ ձեր կյանքի գնով։
Բառերն անզոր են փոխանցել այն, ինչ զգում եմ։ Ինչ էլ ասեմ, քիչ է, այն չէ։
Եղբայրս, Թաթուլ, դու զոհեցիր կյանքդ՝ հանուն կյանքի։
Թաթուլի ու իր նման տղերքի շնորհիվ է կերտվում հաղթանակը: Նրա մտքում էր հաղթանակը, նրա մտքում էր խաղաղությունը։
Փա՛ռք քեզ, իմ Հերոս եղբայր։
Քո ոգին ապրելու ու տեսնելու է հաղթանակը։ Չկասկածե՛ք, լավ է լինելու։ Չկասկածե՛ք, հաղթելու ենք։ Կառուցելու ենք, շենացնելու ենք։
Փա՛ռք հայոց բանակին, փա՛ռք մեր անվախ զինվորին, հավերժ փառք իրենց կյանքի գնով նվիրական պարտքը կատարած մեր հեոսներին», — ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։