«Չեմ բացառում, որ Թուրքիան կարող է գնալ այդպիսի արկածախնդրության և հարվածել Հայաստանի պետական սահմաններին». Ռուբեն Մելքոնյան

171

 

«Վաղուց արդեն պարզ է, որ տարածաշրջանում հիբրիդային կամ պրոքսի պատերազմ է ընթանում, որը ես գնահատում եմ ռուս – թուրքական պատերազմ։ Ճակատները տարբեր են՝ սկսած Սիրիայից և, ցավոք, արդեն նաև Հայաստանում ու Արցախում։ Այս կոնտեքստում բնական է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայում ահաբեկիչներին հասցրած հարվածներն ընկալվում են որպես հարված Թուրքիային, քանի որ այնտեղ տեղակայված ահաբեկիչները Թուրքիայի դաշնակիցներն են, — այս մասին «Փաստինֆո»-ին հետ զրույցում ասել է թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Նշենք, որ WarGonzo-ն, հղում կատարելով ստամբուլյան իր աղբյուրներին, նշել էր, որ Էրդողանի հատուկջոկատայինները պատրաստվում են ներխուժել Հայաստան։

«Բնական է, որ, եթե կողմերը շարժվում են պրոքսի պատերազմի կանոններով, ապա պատասխան հարվածը պետք է գա Ռուսաստանի դաշնակցի ուղղությամբ, իսկ Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցը տվյալ դեպքում մենք ենք՝ Հայաստանը։ Չեմ բացառում, որ Թուրքիան կարող է գնալ այդպիսի արկածախնդրության և հարվածել Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին, բայց նաև վստահ եմ, որ բուն Հայաստանի վրա հարձակումը Թուրքիայում գիտակցում են որպես հարձակում ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության վրա՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Սրա վառ ապացույցն է նաև ռուսական կողմի ռազմական պատրաստվածության ակնհայտ աճը, որ դրսևորվում է այս օրերին»։

Պատասխանելով նկատառմանը, որ վերջին օրերին հատկապես ակտիվացել են թուրքական կողմից «Բայրագթար» տեսակի ԱԹՍ-ներով թուրք- հայկական սահմանագծի երկայնքով, ինչպես նաև Գյումրիում հետախուզական աշխատանքները՝ Ռ.Մելքոնյանը նշել է, որ սա նոր ձեռագիր չէ և վկայում է Գյումրում ռուսական 102-րդ ռազմաբազայի ուղղությամբ հետախուզական աշխատանքների մասին.«Թուրքական օդուժն ու ԱԹՍ –ներն այդ տարածքում շարունակ հետախուզական թռիչքներ է իրականացնում։ Ժամանակ առ ժամանակ դրանք ուղեկցվում են սադրանքներով և հիմա էլ, ավելի քան բնական է, որ Գյումրում տեղակայված 102-րդ ռազմաբազայի գործունեությունն ու տեղաշարժը թուրքական կողմի հետախուզական ուժերի դիտարկման կենտրոնում է։

Սրա դրսևորումներին մենք պարբերաբար ականատես ենք լինում Ալիևի և Էրդողանի անհավասարակշիռ հայտարարություններով, երբ նրանք պատասխան են պահանջում, թե որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք ու սպառազինություն և այլն։ Թեև պետք է նկատենք, որ այստեղ թուրքական կողմի հաշվարկները բավականին պրիմիտիվ են, որովհետև ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմավարական դաշնակիցներ են, իսկ Գյումրու 102-րդ ռազմաբազան Հայաստանում անվտանգային նկատառումներով է տեղակայված։ Քանի որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսոր երկրներ են, ապա այս տրամաբանությամբ առաջնորդվելով, չի բացառվում, որ նրանք արկածախնդրությունների տեսքով ռազմական ոտնձգություններ իրականացնեն նաև ՀՀ պետականորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ Այս նպատակով շատ բնական է, որ Գյումրու ռուսական ռազմաբազան կարող է ակտիվացնել իր գործունեության որոշակի ուղղություններ և մենք էլ պետք է վստահ և լիահույս լինենք, որ հարձակման դեպքում ռուսական կողմի պատասխանն, ինչպես պրոքսի պատերազմի այլ ճակատներում, այստեղ ևս լինելու է համարժեք և ամբողջական, իսկ հայկական բանակն, արդեն իսկ, իր վրա դրված կարևորագույն համամարդկային առաքելությունը կատարում է անվրեպ և փայլուն»։

Վերադառնալով WarGonzo-ի ստամբուլյան աղբյուրների փոխանցած տեղեկություններին, ըստ որի թուրքական «սուլթանը» որոշել է ռևանշ վերցնել և հարձակվել Հայաստանի հարավային մասի վրա, Ռուբեն Մելքոնյանը նշել է՝ Հայաստանի հարավային դարպասները մշտապես թուրքական մեծ թուրանի հետաքրքրությունների թիրախում են եղել։ «Գաղտնիք չէ, որ թուրքական պանթուրքիստական շրջանակների համար Նախիջևանն ու Զանգեզուրը կարևորագույն աշխարհագրական նշանակություն ունեն և միամտություն կլինի կարծել, որ ռազմական վերջին թեժացման պարագայում այդ շրջանները չէին ակտիվանալու։ Բնական է, որ WarGonzo-ի ստամբուլյան աղբյուրը հենվում է ինչպես թուրքական ավանդական քաղաքականության, դրա թիրախների, այդպես էլ՝ այս պահին տեղի ունեցող պատերազմի տրամաբանության վրա։

Ակնհայտ է, որ սահմանների այդ հատվածի անվտանգությունը, ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հետաքրքրությունների տիրույթում են։ Հետևաբար, կարծում եմ, որ մինչև սահմանագծի այդ հատվածի ուղղությամբ թուրքական կողմի ռազմական ոտնձգությունը, Էրդողանը կփորձի լավագույնս ծանր ու թեթև անել։ Մյուս կողմից էլ Թուրքիայի նման ագրեսիվ և անկանխատեսելի երկրից ամեն ինչ սպասելի է, սակայն Թուրքիան շատ լավ հասկանում է, որ դեպքերի այդպիսի զարգացման պարագայում պատերազմը արցախա- ադրբեջանական շփման գծից կընդլայնվի և դեռ հայտնի չէ, թե ինչպիսի մասշտաբներ այն կարող է ներառել, եթե խաղի մեջ լիարժեք կերպով մտնեն այնպիսի գերտերություններ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունն է»,- նկատել է թուրքագետը։

Արդյոք խելագար Թուրքիան միայնակ է փորձում ապակայունացնել ողջ տարածաշրջանը, թե՞ նրա մեջքի հետևում այլ գերտերություններ ևս կան հարցին թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց՝ Թուրքիան, իհարկե, միայնակ չէ, նա սպասարկում է այն գերտերությունների շահերը, որոնք աշխարհաքաղաքական նկրտումներ ունեն տարածաշրջանում գլխավոր խաղացողներ համարվող Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, իսկ այդ երկրների ցանկն ակնհայտ է։