Նիկոլը խաղաղ հեռանալու հնարավորություն է խնդրում իր համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

636

Նիկոլ Փաշինյանը հորդորում է հանրությանը, որ իր «արած որեւէ հայտարարություն, որեւէ ժեստ, որեւէ հրավեր» բռնության կամ բռնության հրահրման համատեքստում չընկալենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

««Եթե մեր որեւէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է»,- գրում է Նիկոլ Փաշինյանը։

Մոտ երկու ամիս առաջ էլ այդ նույն Նիկոլը, խոսելով նոր սկիզբ առած պատերազմի հնարավոր արդյունքի մասին, հայտարարում էր, որ եթե նույնիսկ բոլորին թվա, թե պարտվել ենք, «մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»։

Եվ հիմա, ըստ այդ տրամաբանության, Արցախում մենք չենք պարտվել (թքած կապիտուլյացիայի թղթի վրա), ու գիշերն էլ Նիկոլը ոչ մի քաղաքացիական պատերազմ չէր հրահրում։ Ուղղակի մի հարց է մնում հստակեցնել՝ ի՞նքն է գիժ, թե՞ մեզ է գժի տեղ դրել։

Բայց նրա այս վերջին գրառման մեջ մի կարևոր հանգամանք կա։ Ըստ իս, Նիկոլը խաղաղ հեռանալու հնարավորություն է խնդրում իր համար։ Ճիշտ է, այս հարցում էլ է նա էժան մանիպուլյացիաների գնում, որովհետև բռնության կոչեր ընդդիմադիր դաշտում չկան, բայց և այնպես վստահ եմ, որ Փաշինյանին նման ոչ մի բան չի սպառնում։ Նա պատասխան է տալու միայն օրենքի և իր խղճի առջև։ Չէ, միայն օրենքի»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։