«Կոտրվել է ոտքս, մի քանի կար ականջիս շրջանում է, տասից ավելի կար՝ շրթունքիս». Կոնստանտին Տեր-Նակալյան

414

«Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Aravot.am-ի հետ զրույցում «Ադեկվադ» միաբանության անդամը, որն այժմ հիվանդանոցում է, հաստատեց, որ հարձակման է ենթարկվել իրենց բակում. «Երեքով էինք՝ ես, եղբայրս եւ մեր ջոկատի տղաներից մեկը: Խանութում առեւտուր էինք անում: Ես խանութից դուրս եկա, տեսա, որ եղբայրս ինչ-որ լեզվակռվի մեջ է մտել մեկի հետ: Ես մոտեցա, սկզբում փորձում էի հասկանալ, թե ինչ է պատահել: Տեսնելով, որ թեժանում է, փորձեցի մարել: Ես ոչ թե լեզվակռվի ակտիվ մասնակից էի, այլ փորձում էի հանդարտեցնել, քանի որ մտածում էի, որ դա կարող է սադրանք, սարքոցի լինել: Հարվածի պահը եղել է անակնկալ, այնպես չի եղել, որ լեզվակռվից անցանք իրար խփելու, ինքն էլ դանակով խփեց: Ինչ-որ մի պահի մենք հասանք մի հանգրվանի, որ հիմա չենք խոսում, հետո կհանդիպենք, կխոսենք, ու կոնկրետ էն մարդը, որ լեզվակռիվը սարքել էր, շրջվեց, իբր գնում է: Ես աստիճանների վրա էի կանգնած, տղերքը իմ հետեւում: Ինքը շրջվեց մեջքով դեպի ինձ, իբր գնում է, մեկ էլ անսպասելի հետ շրջվեց ու դանակով խփեց: Մենք միանգամից չենք հասկացել, որ դանակ է եղել: Դանակով հարվածն այնքան անսպասելի էր, որ ես աստիճանների վրայից ընկա, ու «անսամթ» ընկա եւ ոտքս կոտրվեց»: Կոնստանտին Տեր-Նակալյանը հավելեց, որ երբ երեկ հիվանդանոց ոստիկանությունից եկել են, ինքը հրաժարվել է բողոք ներկայացնել, ու այդ պահին չի եղել բժշկական եզրակացություն իր՝ կոտրվածք ունենալու մասին: