Գեներալներ, մի լռեք, Ձեր զինվորական միամտությունն ու լռությունը թանկ է նստում մեզ վրա, ձեզ վրա…

201

Մեկ ստորագրությամբ և առանց մարտի արցախյան տարածքների հանձնումից հետո  նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը գնացել էր Պաշտպանության նախարարություն, որ ԶՈւ բարձրագույն սպայակազմին ներկայացնի նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Միամտորեն կարծում էի, որ ներկա բարձրաստիճան սպաներին, գեներալներին ուղղված առաջին նախադասությունը, թեկուզ՝ ձևական, կլիներ՝ տղերք, կներեք: Չեղավ: Փոխարենը՝ «պետք է հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել»: Ոչ թե որտեղ եմ սխալվել, այլ՝ որտեղ ենք սխալվել: Եվ այս դեպքում այլ բան չմտածեցի, քան՝ տեսնես՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ներկա բարձրաստիճան սպաները վատ չզգացի՞ն: Հարցնում եմ ինքս ինձ և դարձյալ միամտորեն փորձում հավատալ, որ պաշտոնական հանդիպումից հետո հարգելի գեներալը, բարձրաստիճան սպաները, այնուամենայնիվ, ինչ-ինչ հիշեցումներ արել են գերագույն գլխավոր հրամանատարին, որ եթե բանակն ինչ-որ տեղ, ինչ-որ առումով սխալվել է, ապա այդ սխալները հետևանք են հենց իր իսկ սխալների, կամ՝ ժամանակին դրանք չընդունելու:

Եթե փորձենք թռուցիկ և ոչ ամբողջական անդրադառնանք, ապա.

Առաջին. Գուցե չէ՞ր կարելի գրչի մեկ հարվածով ջնջել 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար ժամանակ մշակված բանակի արդիականացման 2018-2025 թթ. նոր յոթնամյա ծրագիրը, որի վրա աշխատել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ գործող պետ Օնիկ Գասպարյանը: Յոթնամյա ծրագիրն առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը հստակ ձևակերպում էր նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։

Այսինքն, գործ ունեինք  բանակի զարգացման զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզի հետ: Նշվում էր նաև, որ բանակում բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են  բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք պիտի ամրագրվեին տարեկան, ամսական ծրագրերով և ամենօրյա աշխատանքով, նախևառաջ՝ զորքերում, երկրորդը՝ պիտի կազմակերպվեին համապատասխան գնումներ, որովհետև նյութական բազան շատ կարևոր է։

Նպատակը՝ ԶՈՒ կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացում, հրամանատրման նոր սկզբունքների ներդրում, զինանոցի հագեցում գերժամանակակից և պատերազմական պայմաններին համապատասխանող զենքով և զինամթերքով, անձնակազմի ուսուցում և ներդաշնակեցում` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար։

Երկրորդ. Հետհեղափոխական 2.5 տարվա ընթացքում բանակում բարեփոխումները, ըստ էության, կառուցվեցին «սնունդ» օպերացիայի վրա: Այո, բանակում զինվորը պետք է կուշտ լինի, բայց զինվորը նախևառաջ պիտի պատրաստված մարտական առումով, լավ կահավորված հենակետում, դիրքում ծառայություն, մարտական հերթապահություն  իրականացնի, ունենա անհրաժեշտ հանդերձանք, սպառազինություն և այլն:

Այսինքն, բանակում զինվորը պետք է իրեն լավ զգա, հնարավորինս ապահով, բայց ոչ՝ ինչպես իր տանը: Սա վտանգավոր գաղափարախոսություն է պատերազմի մեջ գտնվող երկրի համար, առհասարակ, բանակի համար: Բանակը պիտի ունենա իր խիստ կանոնները, դրվածքը: Բանակի մթնոլորտը չի կարող տուն հիշեցնել, ի վերջո, ամեն տուն իր դրվածքն ունի, և մենք ի՞նչ տան մասին ենք խոսում, ի՞նչ տեսակի տուն ենք պատկերացնում՝ հայրիշխանակա՞ն, թե՞ մայրիշխանական: Միամիտ հարց տվեցի՝ ձեր պատկերացումները պարզից էլ պարզ են. բանակը «հարմարեցվեց» սեփական կնոջ՝ Աննա Հակոբյանի  քմահաճույքներին, և բանակի «կառավարումը» նրա ձեռքը հանձնվեց, ինչից չխորշեցինք անգամ պատերազմի օրերին, և եղավ այն, ինչ եղավ: Բանակում չի կարելի դեմոկրատիա խաղալ, գենդերային հավասարություն, սա վտանգավոր խաղ է: Խոսքը պրոֆեսիոնալ կին զինվորականներով զինված ուժերը համալրելու մասին չէ:

Երրորդ. Հուլիսյան մարտական գործողություններից հետո, ամռանը ՊՆ-ն նախաձեռնեց աշխարհազորի ստեղծման գործընթաց: Այլ հարց է, որ նախագծի բովանդակության մեջ փոփոխելու, լրացնելու բաներ կային, բայց դրա շուրջ մի քանի օր ակտիվ աղմուկից հետո հարցը, չգիտես ինչու, մի կողմ դրվեց: Սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանն իր գործողություններով հուշում էր՝ լայնածավալ պատերազմական գործողություններ է նախապատրաստում Արցախում:

Մոբիլիզացիա տեղի չունեցավ, չկար պատերազմական իրավիճակում մոբիլիզացիոն պլան: Եվ բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, օպերատիվ պլանավորում իրականացնել, նրանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկե, գաղտնի են և չեն կարող բացահայտվել), ստեղծվեին համապատասխան ուժերը, ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը, ապա պատկերն այլ կլիներ:  Չկար կառավարման հստակ համակարգ, որի արդյունքում ստացանք այս իրավիճակը:  Սա չարվեց:

Ավելին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը: Դեռ չենք հաշվում մարտավարական օղակում կրճատումներն այս 2.5 տարում, երբ որոշ զորամասեր կոչված էին կանգնեցնելու թշնամու հանկարծակի մխրճումը:

Չորրորդ. Երրորդ կետի համատեքստում հավելենք, որ անտեսել ենք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի իրատեսական վերլուծությունը և զգուշացումները՝ պատերազմի ելքի և առկա ռեսուրսների մասին, իսկ ռեսուրսի խնդիրը նաև վերը նշված հարցերն անտեսելու հետևանք է:

Վերը շարադրվածներն ընդամենը մի մասն են այն սխալների, որոնք թույլ է տվել Նիկոլ Փաշինյանը, և դրանցից յուրաքանչյուրին կարելի է առանձին-առանձին անդրադառնալ ամենայն մանրամասնությամբ, բանակի վարկը մանրացնող յուրաքանչյուր դեպքի, քայլի, բայց այս պահին հոդվածի նպատակը ռազմագիտական վերլուծությունը չէ, այլ ցույց տալ, որ Փաշինյանի՝ «պետք է հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել» ձևակերպումը բանակի ղեկավարությանը ծաղրելու և բանակի ղեկավարության վրա պատասխանատվությունը բարդելու փորձ է, և ոչ ավելին: Իսկ  գեներալները ցավալի լռությամբ այս ամենը կուլ են տալիս: Բնականաբար, դեռ շատ բաներ պիտի վերլուծվեն, ես կասեի՝ քննվեն: Բայց չընդունել ակնհայտ սխալները և չասել՝ տղերք, դուք ճիշտ էիք, ես՝ սխալ, որովհետև վստահ եմ՝ ճիշտ զինվորական առաջարկներ եղել են, որոնք անտեսվել են, և նաև սրա համար չպետք է լռել, ինչո՞ւ չէ՝ «կուլ գնալ»:

Տղերք, գեներալներ, ընկերներ եք կորցրել, հերիք է ցավը կոկորդներումդ խեղդեք ընկերների կորստի, կորուստ՝ «ոչնչի դիմաց», ինչպես մի անգամ շպրտեցին մեր դեմքին, իսկ մենք լուրջ չընդունեցինք, զայրացանք ու անցավ, թե ապրիլյանի տղերքը ոչնչի դիմաց չեն կյանքը տվել՝ չմտածելով, որ դեռ շատ զինվորներ, սպաներ, ձեր ընկերները, զինվորները գեներալներ, գնդապետներ էդ «ոչնչի դիմաց» են արյուն թափելու, անհետ կորելու, հաշմանդամ դառնալու…

Ես, բնավ, ռազմական հեղաշրջման կոչ չեմ անում, ես ուզում եմ, որ այնպես լինի, որ  բանակում չծառայած, ռազմական գործից հեռու գերագույն գլխավոր հրամանատարը ձեզ՝ գեներալներիդ, տեսնելիս սթափվի, պարտքի և մեղավորության զգացումով մոտենա, որովհետև պատերազմն ավարտված չէ, իսկ բանակի «ծռված» մեջքը վաղը դուք եք կառուցելու: Դուք՝ մասնագիտությամբ, կոչումով հրամանատարներդ,  և ոչ թե՝ ճակատագրի հեգնանքով  գերագույն գլխավոր հրամանատար դարձած անձը:

Վաղը դուք եք հանդիպելու ձեր նկատմամբ զինվորի, քաղաքացու անվստահությանը, չհարգանքին, եթե արդեն չեք հանդիպում: Դուք եք աղոթելու, որ զինվորի մոր անեծքը ձեր էրեխեքին չկպնի, որովհետև ծնողը ձեզ է հանձնել իր երեխային: Ձեր երեխաներն են փորձելու հաղթանակած հրամանատար հոր պատիվը պահել և նեղվել հաղթանակների ուրացումից, մոռացումից:

Կար ժամանակ, երբ քաղաքացիները  երթուղայինում զինվոր տեսնելիս օրհնում էին, իսկ սպային՝ անիծում, մենք այս իրավիճակը դժվարությամբ շտկեցինք և հիմա նորից վերադարձանք դրան: Եվ Աստված գիտի՝ կշտկե՞նք:

Գեներալներ, դուք անելիք ունեք, դուք ձեր մասնագիտական լինելիության կարևորությունը պիտի շեշտեք այսօր ավելի, քան երբևէ, անզորամաս մնացած զինվորը, հաղթած, բայց հաղթանակը չամրագրած զինվորն այսօր ավելի, քան երբևէ ձեր կարիքն ունի, իսկ դուք լռում եք, համակերպվում բանակի վարկանիշի դեմ շոուներին: Իսկ պատերազմը չի ավարտվել, ամեն օրը մեր դեմ է աշխատում: Այս քաոսի վերջը պիտի տանք, հատկապես, երբ ամեն ինչ դրա խորացմանն է տանում: Ես կասեի՝ բանակը քաղաքականացված դարձնելն ուզում են լեգիտիմացնել:

Նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը վերապահումով է մոտենում պնդմանը, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին: Մեկ տարի առաջ նա Պետրոս Ղազարյանին տված  հարցազրույցում ասել էր.

«Երբ որ մենք ասում ենք՝ բանակը քաղաքականության մեջ… ես մի հարց պիտի տամ ձեզ՝ ինչի՞ մեջ չպետք է բանակը խառնվի: Ասում եք՝ ընտրություններ: Ոչ, մի սահմանափակում կա բանակի անձնակազմի հանդեպ, դա հետևյալն է. բանակը, սպան իրավունք չունի լինել կուսակցական: Երբ մենք ասում ենք՝ չպետք է խառնվի, դա պիտի հասկանանք: Նա չպիտի ունենա կուսակցական պատկանելիություն: Սա է: Ես միշտ ասել եմ, որ սահմանադրության մեջ սխալ բան է գրված՝ ինչ է նշանակում՝ բանակը պիտի քաղաքական գործընթացներում լինի չեզոք: Ես չեմ հասկանում՝ դա ինչ է: Եթե բանակը մասնակցում է ընտրություններին, ապա դա քաղաքական գործընթաց է, չէ՞, սահմանադրական իրավունք է»:Video Playerhttps://www.youtube.com/embed/XnQQcO7m_Hk?controls=1&rel=0&disablekb=1&showinfo=0&modestbranding=0&html5=1&iv_load_policy=3&autoplay=0&end=0&loop=0&playsinline=1&start=0&nocookie=false&enablejsapi=1&origin=https%3A%2F%2F168.am&widgetid=1

Գեներալներ, պատկերացնո՞ւմ եք, որ բանակի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելը կարող է արդարացվել, լեգիտիմացվել  անվտանգային գործընթացների շրջանակում, բայց դա չհամարվի ներքին խնդիրների մեջ մտնել: Այսինքն, արտաքին սպառնալիքի անվան տակ: Այն, ինչ մեծ հաշվով տեսանք:

Իսկ դուք շարունակեք լռել, քաղաքական վերնախավը կորցնելու բան չունի, լավագույն դեպքում՝ աթոռ, թիկնապահներ, իսկ դուք սպայի, գեներալի պատիվ եք կորցնելու, կորցնում, ինչը հայրենիք կորցնելու նման մի բան է, իսկ հայրենիքի մեծ մասը կորցրել ենք արդեն, տղերք: Ձեր ոչ խոսելով, ոչ էլ չխոսելով մի դարձեք քաղաքական որևէ հաշվարկի մասնակից, խնդրում եմ: Գոնե այսուհետ:

Ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր՝ «անկախ ամեն տեսակի քաղաքական հոսանքներից, քաղաքական խաղերից` դուք հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռնմխելիությունը։ Քաղաքական հոսանքները կգան և կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ. դա կարող է մեզ կործանման տանել։ Եթե զինվորները խառնվեցին քաղաքականությանը, մենք դրա արդյունքն արդեն տեսել ենք, երկիրը կկործանվի։ Խնդրել եմ և խնդրելով պահանջում եմ` հեռու մնացեք քաղաքականությունից»:

Զինվորականի միամտությամբ մի հավատացեք, որ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է իր սխալներից հետևություններ անի, ինչպես օրեր առաջ վստահեցրեց ձեզ:

Ձեր զինվորական միամտությունն ու լռությունը թանկ է նստում մեզ վրա, ձեզ վրա… Կրկնում եմ՝ ռազմական հեղաշրջման կոչ չեմ անում, նոր կործանումը կանխելու կոչ եմ անում, բանակի թիկունքն ամրացնելու կոչ եմ անում:

Եվ վերջապես, Ձեր՝ զինվորականներիդ  թիկունքն ամրապնդման  հնարավորություն տալու կոչ եմ անում… Մեր բանակին եկեք «որդեգրության» չտանք նրանց, ում սիրտը երբեք վրան տաք չի լինելու և չի, տղերք: