Ինչը կամ ով է խանգարել այդ Իսկանդերի կրակելուն

340

Արցախի դեմ պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանում սկսեց հնչել հարց, թե ինչու չի կրակում Իսկանդերը: Եվ եթե այդ հարցը սկզբնական ժամանակահատվածում հնչում էր սոցցանցային մակարդակում, ապա հետագայում արդեն՝ պատերազմի ընթացքի ակնառու վատթարացման համատեքստում հարցը դիտարկվում էր մասնագիտական տրամաբանությամբ:

Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ Իսկանդերն այնուամենայնիվ կրակել է: Գեներալը սակայն նշեց, թե չի ասի  ուղղությունը: Պատճառն անշուշտ հասկանալի է: Բայց հարցերը դրանով չեն ավարտվում, այլ առաջանում են նորերը, կապված կիրառման մասշտաբի, արդյունավետության եւ այլնի հետ: Հասկանալի է նաեւ, որ այդ հարցերի պատասխանները չեն կարող հնչել հրապարակային տիրույթում:

Իսկ կարո՞ղ է հրապարակային տիրույթում հնչել հարցի պատասխանը, կապված մեկ այլ «տեսակի» Իսկանդերի հետ, ինչպես կբնորոշեր օրինակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Օգոստոսին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը մեծ ասուլիս տվեց արցախյան քառօրյա պատերազմի թեմայով: Նրան այդ ասուլիսի ընթաքում հարցրին Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմա-քաղաքական պայմանագրի մասին, որը մշակելու հանձնարարության վերաբերյալ Սերժ Սարգսյանը հայտարարեց 2016-ի քառօրյա պատերազմի երկրորդ օրը՝ արտերկրի դեսպանների հետ հանդիպմանը:

4 տարի անց հարցին, թե ինչու՞ չկքնվեց այդ պայմանագիրը, Սարգսյանը պատասխանեց, որ այդ պայմանագիրը հավասարազոր է «դիվանագիտական Իսկանդերի», հետեւաբար այն պետք է կրակել անհրաժեշտ պահին եւ դիպուկ:

Մեկ ամիս անց եղավ թուրքական գրոհն Արցախի վրա: Իհարկե, «դիվանագիտական Իսկանդերի» կոճակն այլեւս Սերժ Սարգսյանի ձեռքում չէր, այլ Նիկոլ Փաշինյանի եւ նրա առաջնորդած քաղաքական մեծամասնության: Այդ մեծամասնության գործունեության 2,5 տարիների ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես են վերաբերում Արցախի հետ ռազմա-քաղաքական պայմանագրին, համարու՞մ են, որ դա իսկապես «դիվանագիտական Իսկանդեր» է, թե՞ տալիս էին ավելի բարձր կամ ցածր նշանակություն:

Արցախում նոր նախագահի ընտրությունից հետո թե Երեւանը, թե Ստեփանակերտը խոսեցին իրավա-պայմանագրային հարաբերությունը սերտացնելու մասին, բայց ընդամենն այդքանը:

Արդյոք Արցախի դեմ լայնամասշտաբ 44-օրյա պատերազմը այն պահը չէր, երբ պետք էր արձակել Իսկանդերի այդ դիվանագիտական տեսակը, կնքելով ռազմա-քաղաքական պայմանագիր կամ ճանաչելով Արցախը:

Հայաստանի իշխանությունը պարբերաբար հայտարարել է, որ Արցախի դեմ նոր պատերազմի դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Մի՞թե 44-օրյա պատերազմը բավարար չէր այդպիսի որեւէ ակտի համար: Ի՞նչը խանգարեց այդ «Իսկանդերը» կրակելուն:

ՌԴ նախագահ Պուտինն օրերս իր հարցազրույցում հայտարարեց, թե Արցախի չճանաչվածությունը իրավունքը տալիս էր Ադրբեջանի ձեռքը, «անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախը», հայտարարում էր Պուտինը: Անհրաժեշտ պահին Պուտինի այդպիսի հայտարարության հնարավորության համա՞ր չի կրակել հայկական դիվանագիտական Իսկանդերը պատերազմի ընթացքում, եւ ընդհանրապես կարգավորման ամբողջ գործընթացում: