Կարլո Ֆիդանցա․ Պետք է հասնել կրակի դադարեցմանն ու վերջ տալ ադրբեջանական ռազմական ագրեսիային

137

Եվրապատգամավոր Կարլո Ֆիդանցան անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝  շեշտելով, որ  քրիստոնյա հայ եղբայրների հետ է և դեմ է թուրք-ադրբեջանական ագրեսիային։

«Լեռնային Ղարաբաղն ունի դառը պատմություն: 1921թ. ԽՍՀՄ կողմից մեծամասամբ քրիստոնյա հայերով բնակեցված շրջանը բռնակցվում է Ադրբեջանին. 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո շրջանի հայերը կողմ են քվեարկում անկախությանը: Ադրբեջանական կողմի կողմից այդ հանրաքվեի արդյունքների չճանաչումը պատճառ է դառնում երկարատև հակամարտության, որն այսօր էսկալացիա է ապրում և որը մենք պետք է անպայմանորեն կանգնեցնենք:

Պետք է հասնել կրակի դադարեցման, վերջ տալ ադրբեջանական ռազմական ագրեսիային, վերսկսել Մինսկի խմբի կողմից համակարգված խաղաղության գործընթացը: Դա անելու համար անհրաժեշտ է նվազեցնել Էրդողանի Թուրքիայի դերը, ով ցանկանում է այս տարածաշրջանը դարձնել իր նոր օսմանական նախագծի հերթական մասը, ով նույնիսկ չի վարանել հակամարտության մեջ ներգրավել Սիրիայից բերված ջիհադիստներին:

Այն, որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, ցավալի է և մտածելու տեղիք է տալիս այն, որ նաև ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր է։ Դա մեզ պետք է ստիպի մեկընդմիշտ փակել այդ էջը և հետ կանչել Թուրքիայի թեկնածուի կարգավիճակը»,- ասել է Ֆիդանցան:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Սան Մարինոյի ԱԳ նախարարությունը: