Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը

442

Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայոց բանակը ապացուցել է, որ անկոտրում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։