Պեսկովն ասել է՝ որ դեպքում ԼՂ-ում կարող են խաղաղապահներ տեղակայվել

501

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունն այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այստեղ առաջնային հարց է՝ արդյո՞ք հակամարտող կողմերը՝ Ադրբեջանն ու Հայաստանը, պատրաստ են դրան: Ցանկացած խաղաղապահների, դիտորդների ցանկացած տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին առ այն, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է իր խաղաղապահներին ԼՂ ուղարկել:

«Առայժմ մենք և դուք դրա պատասխանը չենք լսել»,-հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու հարցի խաղաղ կարգավորման շուրջ ռուսական կողմի միջնորդական ջանքերին, խոսել էր նաև ռազմական դիտորդների և խաղաղապահների տեղակայման հեռանկարներից:

ՌԴ գլխավոր դիվանագետը նշել էր, որ հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է։

«Առաջարկությունները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է, դա փուլային, հետզհետե Ղարաբաղի շուրջ տարածքների ազատումն է՝ Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ, և մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ապահովելով հուսալի կապ Ղարաբաղի և Հայաստանի միջև»,-ասել էր Լավրովը՝ նկատելով, որ այդ սխեման լավ հայտնի է:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հուսալի կապ Հայաստանի հետ ասելով՝ նկատի ունի երկու շրջաննե՞ր՝ Լաչինի միջա՞նցք, այսինքն՝ 2-5 սխեմա՞ն, Լավրովը նշել էր, որ վերջին շրջանում քննարկված և կողմերի կողմից լրջորեն ընկալված բոլոր պայմանավորվածությունները, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում՝ 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև 2-րդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։

«Առաջին փուլում, բացի երկու շրջանների ազատումից, կարգելափակվեին բոլոր հաղորդակցությունները, տնտեսական կապերը, տրանսպորտային կապերը, և խաղաղապահները կտեղակայվեն՝ ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար», — ասել էր Լավրովը:

Սակայն միևնույն ժամանակ Լավրովը նաև ընդգծել էր, որ հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի, մեխանիզմը պետք է գործի շփման գծում, դա 5 շրջանները չեն, որոնք ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների համաձայն՝ պետք է տրվեն առաջին փուլում:

«Հիմա նույնիսկ ոչ թե խաղաղապահները, այլ ռազմական դիտորդները կարող էին ապահովել կրակի դադարեցման պահպանումը: Դրանց տեղակայումը բավարար կլիներ: Մենք գտնում ենք, որ դա միանգամայն ճիշտ կլիներ, եթե մեր ռազմական դիտորդները լինեին, սակայն վերջնական խոսքը կողմերինն է: Անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ Երևանում և Բաքվում հաշվի կառնեն մեր ռազմավարական և գործընկերային հարաբերությունները»,-ասել էր Լավրովը: