«Այսօր ռազմաճակատում ստեղծված օպերատիվ իրավիճակը շատ նման է 1992-ի հունիս-օգոստոս ամիսներին ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը»

127

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ռազմաճակատում ստեղծված օպերատիվ իրավիճակը շատ նման է 1992-ի հունիս-օգոստոս ամիսներին ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը, երբ թշնամուն հաջողվել էր Կիրովաբադում տեղակայված նախկին խորհրդային 23-րդ դեսանտագրոհային դիվիզիայի գործուն աջակցությամբ գրավել Շահումյանն ու Մարտակերտի շրջանի գրեթե կեսը և ռազմաճակատի գիծը հասցնել Խաչենագետի մատույցներին:

Ավելին, ի տարբերություն այսօրվա, 92-ի ամռանը Արցախը, բացի տարածքային մեծ կորուստներից. շրջափակված էր նաև թշնամական հզոր ռազմահենակետերով, որոնցից շուրջօրյա պարբերականությամբ ցամաքային ու օդային հարձակումներ էին գործում հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա: Թե ինչպես նման ծանր պայմաններում Արցախին հաջողվեց ոչ միայն դիմագրավել թշնամու մեծածավալ գրոհներին, այլև վերակազմակերպելով ուժերն ու միջոցները անցնել հակահարձակման և մեկը մյուսի հետևից ազատագրել հանրապետության գրավյալ ու շրջակա հայկական պատմական տարածքները, մեզ հարկավոր է վերհիշել տվյալ ժամանակահատվածում պետական մակարդակով իրականացված պաշտպանական նշանակության միջոցառումների հաջորդականությունը և այդ փորձն՝ այսօրվա իրավիճակային առանձնահատկությունների հաշվառումով՝ կրկին դնել կիրառման մեջ:

Մեզ անհրաժեշտ է պատերազմական իրադրությանը համահունչ պետական կառավարման համակարգ՝ իր ռազմաքաղաքական ու դիվանագիտական բոլոր բաղադրիչներով»: