ՀՀ-ից հանված ապօրինի գումարները պետք է սառեցվեն ու վերադարձվեն ՀՀ իշխանությանը ահաբեկիչների դեմ պատերազմում օգտագործելու համար

1196

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հայտարարված դրամահավաքը հատեց 100 միլիոն դոլարի շեմը։

Աշխարհասփյուռ հայությունը պատերազմի մեկնարկի առաջին օրերից լծված է դրամահավաքի գործին։

Տարբեր գնահատականներով հավաքված գումարը դեռևս շատ քիչ է պատերազմից հետո վնասների վերականգնման և հումանիտար այլ կարիքներ հոգալու համար։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը ևս համակարծիք է, որ հավաքված գումարը քիչ է, այն պետք է կրկնապատկվի, և գուցե արդեն ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունը վերջապես լծվի Հայաստանում նախկին իշխանության ժամանակ քաղաքական ճանապարհով ձեռք բերված հանցավոր կապիտալը պետությանը վերադարձնելուն։ «30 տարի շարունակ նախորդ իշխանությունների հոգածության առարկան է եղել ոչ թե երկրի պաշտպանունակության ուժեղացումը, տնտեսության զարգացումն ու զորացումը, այլ զբաղեցրած պաշտոնը անձնական կարիքների, հարստացմանն ուղղելուն։ Ըստ անկախ փորձագիտական գնահատականների՝ այդ տարիներին իշխանության վերնախավում գտնվող անձինք, պարագլուխները իրենց ամբողջ ռեժիմով Հայաստանի ժողովրդին հարստահարել և նրանցից պոկել են ավելի քան 30 միլիարդ դոլարին համարժեք հարստություն։ Այդ հարստությունը ոչ միայն բանկերում է, այլև այդ հարստությունը նյութականացված է տարբեր շինությունների և այլնի մեջ։ Այդ հարստությունը նրանց դոշակի տակ է, այդ հարստությունը աշխարհի տարբեր երկրներում է։ Հիմա ճիշտ ժամանակն է այն վերադարձնելու»,- ասաց Արիստակեսյանը։
Նրա խոսքերով՝ նոր իշխանությունը թերացավ անցումային արդարադատության շրջանակներում իրենց հայտարարած կոչը իրականացնել՝ գողացված գումարները մինչև վերջին կոպեկը բերելու և ուղղելու երկրի պաշտպանունակության հզորացմանը։ «Իշխանությունները թերացան, բայց հիմա ճիշտ ժամանակն է, որ ռազմական դրության պայմաններում ակնհայտ փաստերի առկայության պարագայում իշխանությունները իրականացնեն այդ հրամայականը՝ ապօրինի ծագման գույքը, երկրից հանված ակտիվները վերադարձնելու երկիր։ Կամ էլ պետք է հայտարարեն, որ իրենք համաներում են հայտարարում այդ անձանց նկատմամբ, եթե նրանք ժողովրդից գողացվածը վերադարձնեն, որով հնարավոր կլինի զինել մեր զինվորներին։ Իսկ զինված, քաջ զինվորը հաղթանակի գրավականն է։ Հետևաբար՝ այդ գումարները պետք է բերվեն, ներկայացվեն իշխանություններին, որով հնարավոր կլինի շատ կարիքներ հոգալ ու ծառայեցնել մեր պաշտպանությանը»,- ասաց Արիստակեսյանը։

Հիշեցնենք, որ ֆինանսական անկախ փորձագետների գնահատականներով՝ 2004-2013 թվակաների ընթացքում Հայաստանից ապօրինի հարստացման ճանապարհով ապօրինի հոսքեր են եղել դեպի արտասահման՝ տարեկան միջինում 1 միլիարդ դոլարի չափով։ Ընդ որում՝ դիտարկված տարիների վերջին տարում, այսինքն՝ 2013-ին արտահոսքը եղել է 1.3 միլիարդ։ Այսինքն՝ տարիների ընթացքում Հայաստանից գումարների արտահոսքի ծավալները գնալով ավելացել են։
Այս ֆոնին Արիստակեսյանի համար ծիծաղելի է, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ընդամենը 10 հազար ԱՄՆ դոլար գումար է նվիրաբերել հիմնադրամին։ «Արցախի առաջին նախագահը ինչպիսի բարոյական իրավունք ունի 16 միլիարդից 10 միլիարդը հափշտակելու պարագայում 10 հազար դոլար նվիրաբերել հիմնադրամին։ Նա իր քրեական գործով իր փաստաբաններին ավելի շատ է վճարում, քան նա նվիրաբերել է հիմնադրամին։ Իմ կարծիքով՝ դա անբարոյական է»,- ընդգծեց Արիստակեսյանը՝ հավելելով, որ ողջունում է Ժնևի քաղաքային խորհրդի հայտարարությունն առ այն, որ կոչ արվեց իշխանություններին սառեցնել Ադրբեջանի հակակոռուպցիոն բանկային ավանդները։ «Այդ առումով պետք է այդ որոշումը շարունակել նաև Հայաստանի մասով։ Հայաստանից ապօրինի հանված գումարները ևս պետք է սառեցվեն ու տրամադրվեն Հայաստանի Հանրապետության օրինական իշխանություններին ահաբեկիչների դեմ տարածաշրջանային պատերազմում օգտագործելու համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

1in.am