ՀԿ դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Էդուարդ Շարմազանով․ 168.am

180

Հանրապետական կուսակցության դիրքորոշումն Արցախի հարցում հայտնի է և այն բազմիցս բարձրաձայնվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին 168.am-ի հաղորդմամբ՝ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով աղբյուրի հարցին՝ ո՞րն է Ձեր կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում։

«Մենք այդ դիրքորոշման ենք եղել թե մեր իշխանության ժամանակ, թե իշխանափոխությունից հետո, թե այս պահին։ Մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար չի եղել և չի լինելու ընդունելի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։