Յակով Քեդմի. Թուրքիան կհասնի Յակուտիա, եթե նրան չկանգնեցնեն

244

Թուրքիան ձգտում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը և իր նպատակին հասնելու համար  պատրաստ է մինչև վերջ գնալ: Այս մասին YouTube-ի Սոլովյով LIVE հեռուստաալիքի եթերում հայտարարել է իսրայելական «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմին:

Փորձագետը մեկնաբանել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գործողությունները, որը հայտարարել է Ադրբեջանի հետ կապերը ընդլայնելու պատրաստակամության մասին: Իսրայելի վարչապետի խոսքով՝ ինքը հպարտ է, որ Իսրայելը դարձել է Ադրբեջանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից մեկը:

«Ցավոք, մեր վարչապետը կարծիքներ է հայտնում, որոնք միշտ չէ, որ մտածված են կամ միշտ չէ, որ, իմ կարծիքով, արտացոլում են Իսրայելի շահերը: Բայց նա վարչապետ է: Նրա ասածի մեջ մեծ տրամաբանություն չկա: Թուրքիայի սուլթանի հետ նույն ճամբարում գտնվելը և նրա իմպերիալիստական ագրեսիվ հայտարարություններին աջակցելը մեր կողմից խելացի չէ: Սովորաբար մեր վարչապետը ոչինչ չի ձեռնարկում՝ առանց Վաշինգտոնից թույլտվություն ստանալու: Չգիտեմ` նա այս անգամ թույլտվություն ստացե՞լ է», — ասել է Քեդմին:

Փորձագետի կարծիքով՝ Իսրայելը չպետք է խառնվի հայ-ադրբեջանական հակամարտությանը:

«Իսրայելը չպետք է խառնվի այսպիսի հակամարտությանը: Հիմնական բանը, որ մեզ հետաքրքրում է՝ դադարեցնել ռազմական գործողությունները և դադարեցնել արյունահեղությունը: Մենք ունենք մեր սեփական խնդիրները», — ընդգծել է բանախոսը:

Քեդմիի խոսքով՝ Թուրքիան վճռական է տրամադրված և պատրաստվում է գնալ մինչև վերջ Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու համար: Հարցն այն է, թե ով է ունակ կանգնեցնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Գոյություն ունի օբյեկտիվ իրականություն: Այսօր Թուրքիան գտնվում է շատ բարդ իրավիճակում: Թուրքիան նորմալ հարաբերություններ չունի ոչ մի պետության հետ, բացի Ադրբեջանից: Բայց դա այլ պատմություն է: Այսօր Անկարան ունի տնտեսական ծանր վիճակ: Մասամբ, այս ագրեսիվ քաղաքականությունը կապված է ներքին իրավիճակի և երկրում իրենց դիրքերը ամրապնդելու կամ պահպանելու իշխանությունների փորձերի հետ: Ինչպես Թուրքիայի պատմությունը, այնպես էլ թուրք սուլթանի խառնվածքը վկայում են այն մասին, որ նա պատրաստ է ուժ գործադրել ուժը պահպանելու համար: Եթե նրան թույլ տան, նա կանգ չի առնի մինչ Յակուտիա», — ընդգծել է Քեդմին:

Իսրայելցի փորձագետի կարծիքով՝ Եվրոպան ի վիճակի չէ հետ մղել Թուրքիային:

«Արդյոք կփորձեն դիմակայել: Հարցն այն է, թե ով է նրան կանգնեցնելու (Էրդողանին): Եվրոպան երբեք ոչինչ չի ձեռնարկել մեկի դեմ, ով պատրաստ է ուժ գործադրել, որը պատրաստ է գնալ իր նպատակին և դրա համար ունի բավարար միջոցներ և ուժ: Եվրոպան պատրաստ է ռմբակոծել Բելգրադը, ի վիճակի է ամերիկյան օգնությամբ ոչնչացնել Լիբիան, եթե ոչ ոք չմիջամտի: Եվրոպան ընդունակ է դրան: Եվրոպան ավելի շատ գտնվում է քարոզչության ոլորտում: Վճռականություն չկա պայքարել հանուն ինչ-որ բանի, նույնիսկ իր համար, իր շահերի համար», — հայտարարել է բանախոսը: